05/07/2024 22:14
Ճարպակալման վերացման մեթոդները. պատմում է վիրաբույժ Գրիգորյանը
Ո՞րն է ճարպակալման խնդրի լայն տարածվածության պատճառը և ի՞նչ լուծումներ կան․ այս և այլ հարցերի անդրադարձել է վիրաբույժ Լևոն Գրիգորյանը։
Մասնագետի խոսքով, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում է ճարպակալումը դարձել մեծ տարածում ունեցող խնդիր, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Վտանգավոր է հատկապես այն, որ ճարպակալումը հաճախ որպես հիվանդություն չի ընկալվում: Սակայն դա խրոնիկական հիվանդություն է և ենթակա է բուժման, ինչպես, օրինակ, սիրտանոթային, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և այլն:
Լուծումները, որոնք առաջարկվում են խնդրի շտկման համար, տարբեր են՝ կախված ճարպակալաման աստիճանից, դրված խնդրից: Դրանք վիրահատական և ոչ վիրահատական մեթոդներ են, ընդունված են ամբողջ աշխարհում և հաջողությամբ իրականացվում են նաև Հայաստանում:
Բժիշկը նշում է, որ ճարպակալման դեմ պայքարի ժամանակակից մոդելը մուլտիդիսցիպլինար թիմային աշխատանք է, որի ընթացքում պետք է կիրառել բոլոր հասանելի մեթոդները՝ սկսած սովորությունների փոփոխումից մինչև վիրաբուժական միջամտություններ:
Աշխարհում այսօր մեծ տարածում են գտնում ճարպակալման դեմ պայքարի վիրահատական մեթոդները: Հայաստանում՝ նույնպես:
Վիրահատությունները բաժանվում են երկու խմբի. վիրահատություններ, որոնք բերում են ընդունվող սննդի ծավալի նվազման և
վիրահատություններ, որոնք բացի այդ նվազեցնում են նաև ներծծման հնարավորությունները աղեստամոքսային տրակտից:
Ստամոքսի օղակավորումը, ծալքավորումը և երկայնակի մասնահատումը, ճարպակալման դեմ պայքարի առաջին տիպի վիրահատություններից են: Սրանք կատարվում են լապարասկոպիկ եղանակով, անվտանգության առումով ունեն գրեթե նույն ռիսկերը ինչ օրինակ լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան:
Գրիգորյանի խոսքով, ներկայումս ստամոքսի օղակավորումը աշխարհում գնալով էլ ավելի քիչ է կիրառվում, իսկ ստամոքսի երկայնակի
մասնահատումը շատ տեղերում դիտվում է որպես «ոսկե ստանդարտ»:
Վիրահատության միջին տևողությունը երկու ժամ է, հիվանդը տուն է գնում և 3-5 օր անց: Ստամոքսի երկայնակի մասնահատման վիրահատությունից հետո դիտվում է ավելորդ զանգվածի մոտ 50-70%-ի նվազում: Խցանող կոմպոնենտից բացի, այս վիրահատության ժամանակ հեռացվում է նաև ստամոքսի այն հատվածը, որը սովի հորմոն արտադրող ակտիվ զոնաներից մեկն է:
Այսպիսով՝ այս վիրահատությունը, ստացվում է, նույնպես ունի ազդեցության երկու մեխանիզմ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ