05/07/2024 18:40
Հիստէկտոմիայից հետո տուժու՞մ է արդյոք կնոջ վերարտադրողական համակարգը․ բժիշկ-սեքսապաթոլոգ
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն անդրադարձել է հիստէկտոմիայից հետո հնարավոր խնդիրներին՝ հստակեցնելով՝ արդյոք տուժո՞ւմ է կնոջ սեքսուալ ֆունկցիան վերարտադրողական օրգանների հեռացումից հետո։
«Հիստերէկտոմիայի ժամանակ վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է կնոջ արգանդը, եթե լինում է անհրաժեշտություն, ապա հնարավոր է հեռացվեն նաև մյուս ռեպրոդուկտիվ օրգանները ևս՝ վզիկը, արգանդափողերը, ձվարանները:
Այն իրականացվում է բազմաթիվ դեպքերում՝ ներառյալ քաղցկեղի, էնդոմետրիոզի, կոնքի օրգանների արտահայտված պրոլապսի ժամանակ:
Սովորաբար, ինչպես փաստում են հետազոտությունները, դրանից հետո կնոջ սեքսուալ կյանքը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում:
Որոշ կանայք նշում են նույնիսկ սեքսուալ ֆունկցիայի բարելավում, քանի որ վիրահատությունից հետո դադարում են այնպիսի անցանկալի երևույթները, ինչպիսին են ցավը, արյունահոսությունը, անմիզապահությունը: Նրանք ավելի վստահ են զգում իրենց, ավելի քիչ են ընկճվում ինչը դրական է ազդում սեռական կյանքի վրա:
Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը կարող է ունենալ որոշակի սեքսուալ դժվարություններ․ օրինակ, երբ հեռացվել են ձվարանները, նվազում է հորմոնների՝ էստրոգենների և տեստոստերոնի սինթեզը, որոնք շատ կարևոր են սեքսուալ ֆունկցիայի համար: Ցածր էստրոգենների մակարդակն առաջ է բերում հեշտոցի հյուսվածքի էլաստիկության և խոնավացման խնդիրներ, ինչը կարող է հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի և ցավի պատճառ հանդիսանալ:
Իհարկե այս խնդիրը հեշտությամբ հնարավոր է կարգավորել՝ կիրառելով համապատասխան դեղորայքային բուժում:
Քանի որ հիստերէկտոմիայից հետո կնոջ մոտ բացակայում է դաշտանը, և նա չի կարող հղիանալ, երբեմն որոշ կանանց մոտ դա կարող է ընկալվել որպես կանացիության կորուստ կամ նվազում: Այդպիսի էմոցիոնալ խնդիրները նույնպես լուծելի են, քանի որ այս իրավիճակում բոլոր սեքսոլոգիական խնդիրներն արդյունավետ կարող են կարգավորվել, և կինը երկար տարիներ ապրում է առողջ սեռական կյանքով»:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ