05/07/2024 16:08
Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը միտված են կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը. Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը գրել է.
«Այսօր Սահմանադրության օրն է։
Սահմանադրությունը միայն բարձրագույն իրավական փաստաթուղթ չէ, այն առավելապես ընկալվում է ազգային և պետական ուղենիշերի սահմանման գաղափարական քարտեզ:
Այն հզոր պետության և պատմական հայրենիքի, առողջ և կենսունակ հասարակության իրավական հենքն է, որի երաշխավորմանը պետք է ուղղված լինեն յուրաքանչյուրիս ջանքերը:
Ցավոք, Սահմանադրության մեջ ամրագրված կենսական դրույթները և իդեալները իրական կյանքում հաճախ են ոտնահարվում, խեղաթյուրվում կամ պարզապես չեն գործում։ Իսկ վերջին տարիներին Սահմանադրությունը հիմնովին փոխելու փորձերը թերևս միտված են այդ կենսական իդեալների իսպառ դուրս մղմանը` Անկախության հռչակագրի հղումներից մինչև ազգային ինքնությանն առնչվող գաղափարներ։
Սա մեզ համար իսկապես գոյաբանական սպառնալիք է։
Այդուհանդերձ, մենք պատասխանատու ենք մեր ժամանակի համար և վստահ, որ Հայաստանն իսկապես կհաղթահարի ներքին և արտաքին մարտահրավերները՝ դառնալով օրենքի և իրավունքի երկիր, իրավական պետություն, որտեղ Մայր օրենքը կերաշխավորի սեփական տեսակի կենսունակությունն ու բնական զարգացումը»: