05/07/2024 12:27
Էրեբունու ոստիկանները խոշտանգման դեպք են բացահայտել Երևանում․ ծեծի են ենթարկել քաղաքացուն, սափրել են գլուխը, ստիպել, որ մերկանա, մաքրի զուգարանը, նույն խոզանակով՝ ատամները. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հունիսի 28-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 28-ին հսկող դատախազի կողմից քրեական հետապնդում է հարուցվել այդ արարքը կատարած Արա Մ․-ի և Մուշեղ Գ․-ի նկատմամբ, իսկ հունիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրանք կալանավորվել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 24-ին Մուշեղ Գ․-ն և Արա Մ․-ն Երևան քաղաքի Նոր Արեշի փողոցի բնակարաններից մեկում Ռուբեն Հ․-ին ապօրինի ազատությունից զրկելուց և ֆիզիկական ցավ պատճառելուց բացի, նույն ժամանակահատվածում սափրել են Ռուբեն Հ․-ի գլուխը, ստիպել են, որ մերկանա և ատամի խոզանակով մաքրի զուգարանը, միաժամանակ նրան կրկին ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են զուգարանը մաքրած խոզանակը քսի իր ատամներին։
Այդ կերպ Ռուբեն Հ․-ին պատճառել են նաև ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ, ոստիկանները կարճ ժամանակում պարզում են դեպքի վայրը և համագործակցեկով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քնիչների, քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների շնորհիվ հայտնաբերում են Մուշեղ Գ․-ին և Արա Մ․-ին և բերման ենթարկում ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրանց ներկայացնում են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչը նրանց 2 ամսով կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը դատարանը բավարարել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են նաև այդ ամենը հաստատող տեսանյութը։