05/07/2024 17:41
Կոռուպցիայի մեջ մեղադրվող Իսպանիայի վարչապետի կինը դատարանում ցուցմունք է տվել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, ներկայացել է դատարան՝ մեղադրյալի կարգավիճակով ցուցմունքներ տալու համար։ Բեգոնյա Գոմեսը մեղադրվում է գործարար շրջանակում իր կապերը անձնական նպատակով օգտագործելու և կոռուպցիայի մեջ։
Իսպանիայի վարչապետի կնոջ անվտանգությունն ապահովելու համար մեծ թվով ոստիկաններ են կուտակվել դատարանի մոտ, որտեղ հանրահավաք են անցկացնում բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց բողոքը հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ և հնչեցնելով Իսպանիայի վարչապետի հրաժարականի կոչեր։
Ինչպես հայտնում է El Confidencial պարբերականը, ժամանակակից Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ վարչապետի կինը ցուցմունք է տալիս դատարանում՝ մեղադրյալի կարգավիճակով։
Նշենք, որ ավելի վաղ Մադրիդի դատարանը ուժի մեջ էր թողել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը․ նա, ինչպես արդեն նշվեց, մեղադրվում է գործարար շրջանակում իր կապերն անձնական նպատակով օգտագործելու և կոռուպցիայի մեջ։ Դատախազությունը խնդրել էր կարճել գործը, սակայն Մադրիդի դատարանը մերժել էր։
Գործի հիմքում Գոմեսի հարաբերություններն են մի քանի մասնավոր ընկերությունների հետ, որոնք կառավարությունից ստացել են միջոցներ և կնքել են պետական պայմանագրեր։
Կնոջ նկատմամբ հետաքննություն սկսվելուց հետո Իսպանիայի վարչապետը չեղարկել էր իր մասնակցությամբ հանրային միջոցառումները՝ այդ ընթացքում որոշում կայացնելու համար՝ մնալո՞ւ է արդյոք իր պաշտոնում, ինչից հետո հայտարարել էր, որ որոշել է առայժմ հրաժարական չտալ։