05/07/2024 13:51
ԱՄՆ-ն այս տարածաշրջանում բարին չի ցանկանում, այդ մեծն սատանան փորձում է Կովկասը վերածել պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար. Իրանի դեսպան
Տարածաշրջանում խաղաղությանն ալտերնատիվ տարբերակ չկա և սա մեր սկզբունքային դիրքորոշումն է. Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում նշեց ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Նա նշեց, որ Իրանն իր դիրքորոշումը հայտնել է և դա միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին է։ «Մեր կարծիքն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում պետք է հարցերը լուծվեն»,-ասաց նա։
Մինչդեռ, ըստ նրա, խաղաղության երկխոսության շուրջ ԱՄՆ-ի դերը բարի չէ։
«Նրանք այլ նպատակներ են հետապնդում, փորձում են Կովկասը վերածել պլատֆորմի՝ այլ երկրների հետ հաշվեհարդար տեսնելու համար: Մենք, ունենալով փորձը մեծ սատանայի՝ ամերիկայի վերաբերյալ, շատ հոռետես ենք նրանց կողմից արտահայտված հայտարարությունների մասին: Մենք չենք հավատում, որ նրանք տարածաշրջանի ժողովուրդների բարին են ցանկանում: Նրանք այնքան հեռու են, որ լարվածությունը նրանց վրա չի ազդի»:
Դեսպանի խոսքով, եթե ԱՄՆ-ն ուզում է շրջանցել և որոշ երկրների բանակցություններից դուրս թողնել, նշանակում է, որ նրանց ցանկությունը միանշանակ չէ։ «Մենք ցանկանում ենք՝ համապարփակ խաղաղություն տիրի։ Ցավոք, ԱՄՆ-ն՝ այդ մեծն սատանան, իր նպատակներին հասնելու համար իրենց գործիքակազմն է օգտագործում»,-ասաց նա։
Դեսպանը նշեց, որ «3+3» բանաձևի շրջանակում պետք է հասնել խաղաղության։