05/07/2024 21:41
«Մեր Սրբազան պայքարն ի զորու է երկրում վերջապես հաստատել իրական սահմանադրականություն և իրավունքի գերակայություն»․ Բագրատ Սրբազան
Գործող իշխանությունները ցանկանում են հիմնովին խարխլել Սահմանադրության հիմնադրույթները, Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Ցավով եմ արձանագրում, որ ներկա իշխանությունները, ի սկզբանե գերադասելով սուտն ու կեղծիքը, թշնամուն ազգային արժեքների ոչնչացման գնով սիրաշահելու և, այդպիսով, սեփական իշխանությունը փոքր ինչ ձգձգելու ստոր նկրտումները, թիրախավորելով ազգային հենասյուները, արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր այն հիմնադրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային արժեհամակարգին, Հայ Եկեղեցուն և ընտանիքին»,- ընդգծեց նա:
Բագրատ Սրբազանը նշեց նաև՝ այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է «բարեփոխել» այն, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց հասկացել է՝ նրանց համար գոյություն չունի Սահմանադրություն։
«Նրանց համար հիմնական օրենքը իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով՝ հայ ժողովուրդը այս իշխանության ստերը այլևս չի կարող կուլ տալ։
Սրբազանը ժողովրդին պատգամեց սրբորեն պահպանել պետության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, ղեկավարվել բացառապես Սահմանադրությամբ։
«Մեր Սրբազան պայքարն ունի հստակ ծրագիր, գործունեության ազգային տեսիլք և ի զորու է երկրում վերջապես հաստատելու իրական սահմանադրականություն և իրավունքի գերակայություն»,- խոսքն ամփոփեց Բագրատ Սրբազանը։