05/07/2024 15:20
Հունգարիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան, Բրյուսելն անհանգստացած է
Հունգարիայի վարչապետը ժամանել է Ռուսաստան։ Նախատեսված է Վիկտոր Օրբանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Նշենք, որ Հունգարիան հուլիսի 1-ից վեց ամսով կնախագահի ԵՄ խորհուրդը։
Բրյուսելն անհանգստացած է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Մոսկվա այցելելու ծրագրերից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ռոտացիայի սկզբունքով ԵՄ Խորհրդի նախագահությունը ստանձնելը ԵՄ-ի անունից Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու լիազորություն չի տալիս»,- X-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
Միշելը հիշեցրել է, որ ԵՄ Նախարարների խորհուրդը հստակ դիրքորոշում ունի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ։ «Ռուսաստանն ագրեսոր է, Ուկրաինան՝ տուժող»,- գրել է նա:
Իր հերթին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում գրել է. «Մոսկվա Ձեր այցի մասին լուրերը չեն կարող իրականություն լինել, վարչապետ Վիկտոր Օրբան։ Թե՞ դա ճիշտ է»:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ Եվրամիությունը բացառում է պաշտոնական շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հետևաբար ԵՄ խորհուրդը նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մոսկվա այցի ժամանակ իրավունք չունի ներկայացնելու ԵՄ-ն։