06/07/2024 18:12
Սյունիքում հինգ երեխա, երկու մեծահասակ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց․ 4-ամյա փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել
Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 22:00-ի սահմաններւոմ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 9-ամյա Մ. Խ.-ն, 4-ամյա Լ. Խ.-ն, իսկ արդեն այսօր «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն թունավորմամբ» իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա է.Խ.-ն, 31-ամյա Ա.Խ.-ն, 6-ամյա Ռ. Խ.-ն, նորածին Ա. Խ.-ն և 34-ամյա Գ.Խ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։ 00-ի սահմաններում նրանք ընթրիքի ժամանակ կերել են երշիկեղեն և մսեղեն, որից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ Լ․ Խ.-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Տանը հայտնաբերված սննդամթերքներից կտորները վերցվել են որպես նմուշներ՝ հետագա փորձաքննության համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թունավորված երեխաներից մեկին տեղափոխել են Երևանի «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ծանր վիճակում գտնվող երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել «Մուրացան» մանկական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ։
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: