06/07/2024 10:04
«Հրապարակ». ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանազատման համատեղ հանձնաժողովը սահմանված ժամկետում այդպես էլ չհաստատեց համատեղ աշխատանքի կանոնակարգը։ Վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր։ Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները նույնաբովանդակ հաղորդագրություններով հավաստիացրին, որ փաստաթղթի համաձայնեցման աշխատանքները շարունակվում են, կառուցողական բանակցություններ են ընթանում։ Կանոնակարգում պետք է ամրագրվեն սահմանազատման սկզբունքները, մասնավորապես, Ալմա-Աթայի հռչակագրին պետք է հղում անել սահմանը գծելիս: Ադրբեջանի պահանջած տավուշյան չորս գյուղերը վերադարձնելուց հետո հայաստանցի պաշտոնյաները պնդում էին, թե Բաքուն համաձայնել է դելիմիտացիայի գործընթացում առաջնորդվել 1991-ին ընդունված այդ փաստաթղթով:
Ինչո՞ւ չստացվեց, ըստ սահմանված ժամանակացույցի, կանոնակարգը համաձայնեցնել. այդ հարցին շուրջ մեկ շաբաթ է՝ ՀՀ պաշտոնյաները հրաժարվում են պաշտոնական պարզաբանում տալ։ ՔՊ-ում խոսում են, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագրով գծել հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ տարածքային մեծ հավակնություններ ունի։ Ստացվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ Հայաստանին միակողմանի զիջում պարտադրեց, իսկ առաջիկայում թերևս նոր իրավական հիմքեր կմոգոնեն, որ այլ վայրերում էլ զիջումներ կորզեն ՀՀ իշխանություններից»։