06/07/2024 17:58
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Կարեն Եղիազարյանը հարցրել է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։
«Կրկնեմ՝ այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակվի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։ ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք, ԵՄ- Հայաստան դիրքորոշումների տարբերակները ընդամենը 4-ն են՝ 1․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է, 2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ, 3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է, 4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։ Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին․․․ Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։
Օրերս, ի դեպ, հրապարակվեցին համաեվրոպական սոցհարցման տվյալները՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերով։ Որոշ երկրներ հանած՝ եվրոպացիների զգալի մեծամասնությունը դեմ է նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը, դե, պատկերացրեք, Հայաստանի հարցով ինչպիսին կլիներ եվրոպացիների իրական կարծիքը։
Այս ռեժիմին ԵՄ իշխանությունները, հակառակ հրապարակային գովասանքի, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում ընդառաջ չեն գնում, ի՞նչ անդամության մասին է խոսքը։ Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի թողած կետում»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։
Մեկ այլ հարց էլ Արմեն Աշոտյանին ուղղել է Նարինե Խաչատրյանը ․ «ՌԴ պաշտոնյաները ուղիղ հարձակման են անցել՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրենց հայտարարություններով։ Ի՞նչ հետևանքներ կունենա սա»։
«ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլը իրականում ունի կարմիր գիծ։ Այդ գիծը Հայաստանի ներսում սոցիալական ցնցումները կանխելն է՝ ռուսական հնարավոր տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Այսինքն, նա փորձելու է չհասցնել իրավիճակը այն հանգրվանին, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի, որոնց հետևանքով երկրի ներսում սոցիալ-տնտեսական կտրուկ լարումներ կստեղծվեն, որոնք հարված կհասցնեն Փաշինյանի ռեժիմին։ Չէ՞ որ հակառակ ինքնիշխանության մասին ճամարտակություններին, վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Մոսկվայից տնտեսական ոլորտում շոշափելի աճել է։
Ի դեպ, ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու՝ Նիկոլի մտավախությունը։ Արևմուտքից խոստացված մի քանի հարյուր միլիոնով «տուն չես պահի» և, ինչպես Մուրացանը կգրեր մեր օրերի մասին, «դատարկ սիրտը կների, բայց դատարկ ստամոքսը չի ների»։ Ֆիքսենք նաև, որ նույն Արևմուտքում վերջին շրջանում տեսանելի թուլացել են Նիկոլի հիմնական լոբբիստների՝ Մակրոնի և ԱՄՆ Դեմկուսի դիրքերը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։