06/07/2024 18:48
Անգլիական հայտնի ասացվածքն եմ հիշում ամեն անգամ, երբ լսում եմ արևմտյան որոշ դեսպանների բացահայտ ստերը Հայաստանում ժողովրդավարության մասին․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։
Գարեգին Մարտիրոսյանը հարցրել է․ «Ինչպե՞ս կմեկնաբանեք ժողովրդավարության հայկական ֆորումում Արևմտյան դեսպանների, մասնավորապես՝ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները Հայաստանում «փայլուն» ժողովրդավարության մասին»։
«Անգլիացիներն ասում են․ «Դեսպանը իր երկրի շահերի համար ստելու համար այլ երկիր գործուղված ազնվագույն մարդն է»։ Հենց այս ասացվածքն եմ հիշում ամեն անգամ, երբ լսում եմ արևմտյան որոշ դեսպանների բացահայտ ստերը Հայաստանում Ժողովրդավարության մասին։
Ցավոք, արևմտյան գործող էլիտաները կորցրել են իրենց բարոյական հեղինակությունը արդարության և արժեքների մասին գնահատականներ տալու համար։ Ի դեպ, հանրային կյանքի այդ ցինիզմն է հիմնական պատճառներից մեկը հենց իրենց երկրներում այլընտրանքային ուժերի հեղինակության աճի ։ Այդ երկրների հասարակությունները իրենց էլեկտորալ վարքով արդեն պատժում են գործող էլիտաներին՝ կրկնակի ստանդարտների, իրականության աղավաղման և ստերի համար։ Արևմուտքի իրական, պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի գործող ռեժիմի վերաբերյալ մանրամասն ներկայացված է մասնագիտական զեկույցներում՝ Freedom House, The Economist, Amnesty international, Transparency international, Heritage foundation և այլն։
Այս ֆոնին նույն ԱՄՆ դեսպանի հայտարարությունից ես երկու, գուցե առաջին հայացքից՝ պարադոքսալ հետևություն եմ անում․
1․ Սուտն էլ երանգներ ունի, և երբ տիկին դեսպանը ընտրում է բացարձակ սուտ ասելու տարբերակը, նա միայն ընդգծում է իրականության և հեքիաթի միջև անդունդը՝ ավելի ցայտուն դարձնելով ճշմարտությունը։
2․ Իրենք փայլուն գիտեն իրականությունը (ԱՄՆ Պետդեպի զեկույցը վկա), և եթե այդքանով հանդերձ ստիպված են բացահայտ կեղծ պնդում անել ի պաշտպանություն Նիկոլի, նշանակում է , որ Նիկոլը թույլ է և խարխլված, իսկ իր վարած կործանարար քաղաքականությունը՝ դարձելի։
Առիթից օգտվելով ՝ շնորհավորում եմ ԱՄՆ անկախության օրը և բարեկամ ամերիկյան ժողովրդին մաղթում, որ երբեք Փաշինյանի նման իշխանություն չունենան»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։