06/07/2024 09:54
«Հրապարակ». ՔՊ գրասենյակների մոտ կարմիր բերետները մշտական հսկողություն են իրականացնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ՔՊ Արաբկիրի, Գուրգեն Արսենյանի գրասենյակների, Գագիկ Մելքոնյանի տան մոտ ռումբերի հայտնաբերումից հետո ՔՊ-ականները վախ ունեն, թե կարող են տեռակտի «զոհ» դառնալ, ուստի ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության կարմիր բերետները երբեմն ուժեղացված ծառայություն են իրականացնում ՔՊ-ականների տների և մշտական հսկողություն` ՔՊ գրասենյակների մոտ։
ՆԳՆ-ից մեզ ասացին, որ հասարակական կարգի ապահովման նպատակով են ոստիկանները հսկում ՔՊ-ի գլխամասային գրասենյակի շենքը։ Նախկինում ՆԳՆ պետական պահպանության գլխավոր վարչությունը՝ ՊՊԳՎ-ն, վճարովի ծառայություն էր մատուցում որոշ կազմակերպությունների, սակայն հետո օրենքը փոխվեց, և նման ծառայություն մատուցում են մասնավոր պահնորդական կազմակերպությունները: ՊՊԳՎ-ն հսկում է միայն պետական շենք-շինությունները։ ՔՊ-ի գրասենյակը հատուկ կարևոր նշանակության և պահպանության ենթակա օբյեկտ չէ, և եթե հսկողություն է իրականացվում, դա օրենքի խախտում է»։