06/07/2024 09:43
«Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտ ամսին հայտնել էր, որ հայտնի` 7 «գոլդ» համարանիշներից մեկը, բոլորի կողմից ցանկալի 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին պատկանող «Առանցք» ՍՊԸ-ն: Համարանիշները վաճառվել էին 156 մլն դրամով:
Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ համարանիշները գրանցված են Mercedes-benz G63 AMG 4.0 մեքենայի վրա, որով Առուշ Առուշանյանն էր շրջում: Ավելին` ոչ սթափ վիճակում վարելու համար նա 1 տարով զրկվել էր վարորդական իրավունքից: Առուշանյանն ինքն էլ չէր հերքել, որ «գոլդ» համարանիշներով մեքենան իրենն է: Այսինքն` 000 OO 00 համարանիշը ձեռք է բերել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը պատկանող ՍՊԸ-ն, բայց Առուշանյանն է այն օգտագործում:
Հարց է առաջանում՝ իրավունք ունե՞ր «Առանցք» ՍՊԸ-ն համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
Այս գործարքի հետ կապված մի քանի հարց վիճահարույց է.
• Եթե համարանիշը գնվել է «Առանցք» ՍՊԸ-ի անունից, նշանակում է` 156 միլիոն դրամը ելք է եղել կազմակերպության դրամարկղից, ինչը հարկային իմաստով ունի բազմաթիվ սահմանափակումներ, քանզի ցանկացած ձեռքբերում պետք է անմիջական կապ ունենա կազմակերպության` տվյալ դեպքում շինարարական կենստրուկցիաների հետ (վաճառք, արտադրություն, այլ)
• Եթե համարանիշը ձեռք է բերվել «Առանցք» ՍՊԸ-ի անունից, բայց Գագիկ կամ Առուշ Առուշանյանի անձնական միջոցներով, ապա գործարքը միանշանակ պարունակում է կեղծիքի տարրեր:
• Եթե նվերը ստացել է պաշտոնատար անձ Առուշ Առուշանյանը, ապա այն պետք է հանձնի պետական գանձարան (156 միլիոն դրամը մեծ է 20 հազար դրամից)
Ցանկալի կլինի` ոլորտի մասնագետները գնահատական տան 156 միլիոն դրամ արժեքով այս շարժին, որը, ի դեպ, գերազանցում է նաև «Առանցք» ՍՊԸ-ի տարեկան վճարած հարկերի գումարը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Առանցք» ՍՊԸ-ի հետ` պարզելու՝ ինչու են համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին:
Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը նշեց՝ ինքը տեղյակ չէ դրանից ու որևէ իրավասություն չունի հարցին պատասխանելու: Հարցին՝ չունեն մամուլի բաժնի կամ որևէ այլ պատասխանատու, որը կպատասխանի մեր հարցերին, վերջինս ասաց՝ ոչ»։