08/07/2024 14:22
Արթուր Ալեքսանյանի հետ մարզումները մեզ պարտավորեցնում են անել ամեն բան առավելագույնին հասնելու համար․ Սլավիկ Գալստյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցի երեք մարզիկով: Ազգային ընտրանու անդամ Սլավիկ Գալստյանի համար այս խաղերն առաջինն են: «Արմենպրես»-ի նախաօլիմպիական` «Օլիմպիականները. Փարիզ-2024» հատուկ նախագծի հերթական հերոսը 27-ամյա ըմբիշ Սլավիկ Գալստյանն է:
-Սլավիկ, ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել հետաքրքրվել ըմբշամարտով:
-Ըմբշամարտն ինձ հետաքրքրեց անմիջապես, երբ հայրիկիս ընկերոջ հետ առաջին անգամ գնացինք մարզադահլիճ: Նրա տղան ևս մարզվում էր և ստացվեց, որ միասին գնացինք: Ինձ դուր եկավ մարզաձևը: Այդ ժամանակ 6 տարեկան էի, արդեն 22 տարի մարզվում եմ:
-Գուցե տարօրինակ հնչի, բայց իսկապես հետաքրքիր է, արդյո՞ք Ձեր բարձրահասակ լինելը չի խանգարում Ձեզ:
-Եվ օգնում, և խանգարում է (հեղ. ծիծաղում է): Խանգարում է, երբ մրցակիցներս առավել ցածրահասակ են լինում, բարդացնում է գոտեմարտելու գործընթացը: Բայց ուրիշ դեպքերում ավելի շատ օգնում է:
-Եղե՞լ է մի մրցաշար, որը բեկումնային է եղել և որից հետո վերջնականապես համոզվել եք, որ ըմբշամարտը Ձեր մարզաձևն է:
-Ես փոքր տարիքում եմ հասկացել, որ ըմբշամարտն իմն է: Ոգևորիչ է, երբ սկսում ես հաղթանակի «համը» զգալ և նորից ձգտել դրան:
-Կա՞ այս մարզաձևում մեկն, ով օրինակ է Ձեզ համար:
-Մեկը չեն, մի քանիսին են: Իհարկե, մեր լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանը, իսկ օտարներից` Համիդ Սուրիանը, Ռոման Վլասովը:
-Դուք հիմա մարզվում եք Արթուր Ալեքսանյանի հետ նույն մարզադահլիճում: Ի՞նչ նշանակություն ունի այն Ձեզ համար:
-Ոգեշնչող է այն, որ նա մեզ հետ է մարզվում և նա մեզ համար իսկապես լեգենդ է: Նրա հետ մարզումները մեզ պարտավորեցնում են՝ անել ամեն բան առավելագույնին հասնելու համար: Երջանիկ ու հպարտ եմ, որ հնարավորություն ունեմ լինելու նույն թիմի անդամը:
-Ո՞րն է ըմբշամարտի գեղեցկությունը, որը դուք` ըմբիշներդ, տեսնում եք, սակայն մեզ համար այն անտեսանելի է:
-Ինձ համար հաղթանակի էմոցիոնալ պահն է: Այն դժվար փուլը, որ անցնում ենք և այն հաղթանակը, որին այդքան ձգտում ենք: Ինձ համար շատ ավելի հետաքրքիր է այն պահը, թե հաղթանակից հետո ինչ էմոցիաներ են ցույց տալիս մարզիկները:
-Եթե մեկ հնարավորություն ունենայիք գոտեմարտելու համաշխարհային սպորտի պատմության մի ըմբիշի հետ, ո՞ւմ կընտրեիք:
-Երևի, Համիդ Սուրիանին:
-Սա ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհրդով ու մտքով եք մոտենում Փարիզ-2024-ին:
-Լավ նախապատրաստվել եմ ու տրամադրված եմ լավ: Ամեն ինչ անելու եմ՝ լավ գոտեմարտեր անցկացնելու համար: Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի, իսկ թե ինչի կհասնեմ, ցույց կտա գորգը: Գիտեմ, որ պետք է չառանձնացնել մյուս մրցաշարերից, քանի որ ավելորդ լարվածություն է առաջանում:
-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն……ամենահիշարժանը: