08/07/2024 16:10
Տարածքն աղբանոց էր, տեղի է ունենում սեփականության իրավունքի խոչընդոտ. Կառուցապատողի ներկայացուցիչ
Ազատության պողոտայի 12/1 հասցեում վաղ առավոտից սկսված բողոքի ակցիայի վայր էր ժամանել նաև կառուցապատողի ներկայացուցիչը՝ ներդրումը կատարած Զավեն Օվսյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով հայտարարեց, թե տեղի է ունենում սեփականության իրավունքի խոչընդոտ։
Նշենք, որ բնակիչները դեմ են շենքի բակում կլինիկայի կառուցմանը։
Նա նշեց, որ իր վստահորդը հանդիսանում է տարածքի սեփականատերը, իսկ շինթույլտվությունը տրվել է դեռևս 2020-ին, որը հետագայում է երկարձգվել է 2023թ-ին։
«Իմ վստահորդը հողամասը ձեռք է բերել 2024-ին, այսինքն՝ ի գիտություն ընդունելով, որ այնտեղ կա օրենքի սահմանված կարգով շինթույլտվություն։ Այսինքն՝ հետաքրքրվածությունն այդ հողամասի և շինության ձեռքբերման կայացել է բացառապես նրանում, որ պետությունն այդ տարածքի վրա շինթույլտվություն է տվել»,-ասաց նա։
Ըստ փաստաբանի՝ այստեղ տեղի է ունենում երկու իրավունքների բախում. «Բայց խնդիրը այստեղ այն է, թե բնակիչների ո՞ր իրավունքն է խախտվում»։
Նա նշեց, որ շինությունը բազմաբնակարան բնակելի շենք չի լինելու, այլ մինչև 3 հարկանի կառույց է նախատեսվում լինել։
«Բացի այդ տարածքում հակասանիտարական վիճակ է, տարիներ շարունակ տարածքը եղել է աղբանոց»,-ասաց նա։
Բնակիչները հակադարձեցին. «Ձեր խոսքով հիմնավորում եք, որ հանրային տարածքում քաղաքապետարանն իր պարտականությունները չի կատարել՝ մաքրել, փոխարենը շինթույլտվություն տվել է, երբ բնակչության մեծամասնությունը դեմ է»։