08/07/2024 14:55
Համայնքն այս պահին մեծ ծավալով ուսումնասիրում և ընդունում է որոշումներ՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը հաշվառված ինքնակամ շինությունների վերաբերյալ
Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են ոչ միայն այն փաստացի տնօրինողների, այլ նաև Երևանի համար։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և ընդունվում են որոշումներ ինքնակամ շինությունների վերաբերյալ, որոնք հաշվառված են մինչև 2021թ. հունվարի 1-ը։
«Այս գործընթացում կարող են հայտնվել միջնորդ կազմակերպություններ, որոնք փորձում են նշված խնդիրների լուծումը վերագրել իրենց: Սիրելի երևանցիներ, խնդրում եմ չհավատալ նմանատիպ առաջարկներին, որովհետև վերջինները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա: Ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունեք այդպիսի դիմումներ, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերն ու համապատասխան որոշումներ կկայացնի: Նշեմ նաև, որ սա չի նշանակում, որ բոլորը օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու»,-ընդգծել է քաղաքապետը:
Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
Միջին նորոգման ավարտից հետո փողոցներում կիրականացվի նոր որակի գծանշում՝ թերմապլաստով: Գործընթացը կմեկնարկի այսօրվանից՝ Նոր Նորք վարչական շրջանում:
Զբոսաշրջային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները, որոնք Հանրապետության հրապարակից բացի մեծ պաստառներով կայանած են մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ կհեռացվեն:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի 8 նոր՝ հատուկ տեխնիկայով: Չորս աղբատար արդեն Երևանում է և տեխզննում անցնելուց հետո կհանձնվեն շահագործման: