08/07/2024 19:28
ՄԻՊ-ն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները Հայաստանում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։
Հատուկ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին, անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնք ամփոփվել են արտահերթ զեկույցում և ներկայացվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերներին։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվ ներգրավվել է փաստահավաք աշխատանքներում, աշխատակազմի հետ այցելել է Կոռնիձոր, Գորիս և Վայք, առանձնազրույցներ ունեցել բռնի տեղահանված անձանց հետ, աշխատել են նույնիսկ գիշերային ժամերին։
Քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, ընդգծվել՝ բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորել է բոլոր գործընթացներում թիրախային խմբերի մասնակցության ապահովումը։ Այս տեսանկյունից հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաների` Ժնև և Բրատիսլավա այցերին, որտեղ վերջիններս բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները։
Զրուցակիցները քննարկել են ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին առնչվող հարցեր։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև հավաքների ազատության իրավունքի իրացման երաշխիքների կարևորությանը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ձևավորման տեսանկյունից։