08/07/2024 15:27
Հաշվի առնելով պահանջարկը՝ փոխնակ մայրերի և նրանց ծառայությունից օգտվողների տարիքային շեմը նախատեսվում է բարձրացնել. Զեյնալյան
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմերն է բարձրացվել՝ հաշվի առնելով կարիքը, պահանջարկը. ԱԺ առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքի համար տարիքային շեմը 53-ից բարձրացվել է 55-ը, իսկ փոխնակ մոր տարիքը գործող օրենսդրությամբ 35 տարեկանն էր, բարձրացրել ենք մինչև 38 տարեկանը»,-ասաց նա։
Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագծով նաև կարգավորումներ կան սեռաբջիջների պահպանման, արտահանման, ներմուծման և ոչնչացման հետ կապված, որոնք մինչև այդ չկային։
«Թե ինչ անել այն սեռաբջիջների հետ, որոնք չեն օգտագործվել՝ կարգավորում ենք մտցրել, որ կենսաբանական ծնողը կարողանա նվիրաբերություն կատարել ԲԿ-ին, արտահանել, նաև ԲԿ-ներին թույլ են տվել ոչնչացում կատարել, կենսաբանական ծնողի միջոցով կատարել նվիրաբերություն»,-ասաց նա։
Զեյնալյանը նշեց, որ նաև որոշակի սահմանափակում է մտցրվել ոչ ազգությամբ հայերի համար՝ առավելություն տալով ազգությամբ հայերին։