08/07/2024 21:45
«2018-ին ասում էի` մի բան ձեռնարկենք, ինքներդ էիք ասում` հանգիստ եղեք, ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ սա դավաճանություն չէ՞». Օսիպյանն արձագանքել է Վլադիմիր Գասպարյանին
Ես մշտապես հարգել եմ Վլադիմիր Գասպարյանին և շնորհակալ եմ եղել իրեն, բայց ինձ համար խիստ անընդունելի է այն ամենն, ինչ այսօր հնչել է նրա կողմից, Irakanum.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն` անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին ու վիրավորանքներին։
Օսիպյանն ասել է, որ միշտ էլ խուսափել է Վ․ Գասպարյանի գործունեության և նրա հայտարարությունների վերաբերյալ խոսելուց, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության Գասպարյանն իրեն դավաճան է անվանում, ինքն արձագանքում է։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը Վալերի Օսիպյանի մասին խոսելիս ասել էր․ «Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես»:
Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել է` սկսած «Սասնա ծռեր»-ից:
«Նախ ասեմ, որ ես չէի ուզենա խոսել, և առհասարակ Վլադիմիր Գասպարյանի ասածներին կոպիտ ասած բանի տեղ չէի դնում։ Անցած տարի էլ ինքը իր փաստաբանի միջոցով էր խոսել։ Այս ամենը նախապատմություն ունի, հիմա ես ձեզ ասեմ։ Ոստիկանության հաշվեկշռում կային բնակարաններ, որոնք նվիրատվություններ էին անում, բայց փաստաբանն ասել էր, թե Օսիպյանի զեկուզագրի հիմնան վրա գործ են հարուցել և այլն։ Հարգարժան փաստաբանին տեղեկացնեմ, որ ղեկավարը ենթակային զեկուցագիր չի գրում, այլ ստացել ենք համապատասխան տեղեկություն, համապատասխան գրությունով»,– ասել է Օսիպյանը` հավելելով, որ այդ ամենով պայմանավորված ընդամենը գրություն են ուղարկել և քրեական վարույթ իրականացնող մարմինը ընթացք է տվել։
Վովա Գասպարյանի հայտարարությունները Վալերի Օսիպյանը տղամարդուն ոչ վայել բամբասանք է որակում։
«Ես այսքան ժամանակ լռել եմ, ձայն չեմ հանել։ Ինչ վերաբերում է դավաճանությանը, ապա պարոն Գասպարյան ինքներդ ձեզ նայեք ու ձեր շրջապատին։ Ուղղակի լռել եմ այսքան ժամանակ, երբ իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք հնարավոր բոլոր եղանակներով, ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ։ Իսկ ձեր մտերիմներն այսպես ասած, հերթ չտալով գալիս էին համապատասխան տեղեկություններ էին հայտնում, որ օր ու գիշեր իբր ձեր հետ էին»,– ասել է Օսիպյանը` խոսելով Գասպարյանի այն հայտարարությունից, թե ինքը համակարգը դավաճանել է «Սասնա ծռերի» ՊՊԾ գունդը գրավելու ժամանակից սկսած։
«Պարոն Գասպարյան, երևի մոռացել եք, որ 2018 թվականին ասում էի մի բան ձեռնարկենք, ինքներդ էիք ասում հանգիստ եղեք, այսպես ասած ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, դուք հանգիստ քնեք»,- նշել է նա:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: