09/07/2024 19:45
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ն ընդունեց «ԼՂ-ի հայերի և ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. Եղոյան
Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նա գրել է, բանաձևում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները;
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը`
Կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;
Խստորեն դատապարտում Է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը;
Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;
Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և, այս համատեքստում, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»,-գրել է նա։