09/07/2024 09:55
«Հրապարակ». Արագածոտնի թեմի առաջնորդը ընդառաջ չի գնացել Բագրատ սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել և ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական և Բյուրական: Թե ինչու Ապարան և Աշտարակ չեն գնացել, նրա կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։
Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգևոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգևորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին և այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերևս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին և կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում