09/07/2024 17:43
Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ
2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:
Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:
«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն: Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ: