09/07/2024 17:09
Աննա Վարդապետյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող առանձնատան բռնագրավման գործին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով:
Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքին՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմինների բոլոր գործընկերներին՝ արդարության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ փոխգործակցության համար:
ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության խորացմանը: