09/07/2024 20:57
Բանակից զորացրված 20-ամյա երիտասարդը դանակահարվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Շեգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս են եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է դրսում և ավարտվել է՝ տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։