09/07/2024 13:55
Ֆինանսների փոխնախարարը ԿԶԵԲ ռազմավարական նիստին ներկայացրել է հայկական կողմի առաջարկները
Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին:
ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին:
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները:
Համաձայնություն է ձեռք բերվել ներկայիս գլոբալ փոփոխությունների համատեքստում 2025-2026թթ. ռազմավարական ժամանակահատվածի համար վերանայել ինչպես Հիմնադրամի, այնպես էլ երկրների ռազմավարությունները, ինչը հնարավորություն կտա լավագույնս աջակցելու մասնակից պետությունների տնտեսություններին՝ վերջիններիս առջև ծառացած ռազմավարական խնդիրների լուծման ճանապարհին: Նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի կողմից ներկայացվել են հայկական կողմի առաջարկները թե՛ Հիմնադրամի և թե՛ Հայաստանի ռազմավարության վերանայման վերաբերյալ:
Նիստի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Հիմնադրամի՝ որպես առանձին միջազգային կազմակերպության տրանսֆորմացիայի գործընթացին՝ հաշվի առնելով, որ վերջինիս կանոնադրական փաստաթղթերն արդեն իսկ ստորագրվել են մասնակից պետությունների կողմից և ներկայումս գտնվում են ուժի մեջ մտնելու փուլում: