10/07/2024 15:33
Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին. ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի. Սամանթա Փաուեր (տեսանյութ)
Հայաստանը մոտ է կանգնած խաղաղության պայմանագրին, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակված հակամարտությանը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։
«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ներկայացուցիչները շարունակում են բանակցություններն՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ օգնելու, որ Հայաստանը պատմական այս պահը օգտագործի», - նշեց նա։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար ժամանակ երազել են։
«2018 թվականին, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր՝ Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել, խորացրել ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի արձագանքող լինել քաղաքացիների կարիքներին, ապահովել, ստեղծել տնտեսական հնարավորություններ, որոնք նախկինում կոռուպցիայի պատճառով անհնար էին»,- ասաց Սամանթա Փաուերը։