10/07/2024 21:08
Թուրքիան արգելել է ՀՀ-ի և Վրաստանի համար նախատեսված բեռի տեղափոխումն իր երկնքով. այն բերվում է ՌԴ-ով
«Հետք»․
Թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներն ու օդանավերի ազատ տեղաշարժը:«Հետքը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է Թուրքիայի կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտներին: Մասնավորապես՝ 2020 թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում:
2020-ի հուլիսից մինչեւ 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաեւ ՀՀ կառավարական ինքնաթիռը: Վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկող այս օդանավի առաջ թուրքական երկինքը կրկին փակվեց 2023 թ. մայիսին՝ այն բանից հետո, երբ Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը: Դրա հետեւանքով Նիկոլ Փաշինյանը 2 անգամ Եվրոպա թռավ՝ շրջանցելով թուրքական օդը: Այդ ընթացքում նա հայտարարեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը տեղադրվել է ոչ թե ՀՀ կառավարության, այլ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, սակայն ինքն այդ որոշումն ու դրա իրականացումը սխալ է համարում: 2023-ի մայիսի 28-ին էլ Փաշինյանը շնորհավորեց Էրդողանին նախագահ վերընտրվելու առիթով: Այդքանից հետո՝ մայիսի 31-ին, նա կարողացավ Մոլդովա մեկնել Թուրքիայի երկնքով: Այսինքն՝ արգելքը ՀՀ պետական ինքնաթիռի համար հանվեց:
Չնայած կառավարական բորտը ներկայում խնդիրների չի բախվում Թուրքիայի տարածք մտնելիս, ամեն ինչ հարաբերական է, քանի որ այդ երկիրը ցանկացած պահի, պայմանավորված քաղաքական եւ տնտեսական շահերով, կամայական խոչընդոտներ է ստեղծում Հայաստանին առնչվող թռիչքների համար: Ընդ որում՝ դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ: Այսինքն՝ եթե ինչ-ինչ պատճառով կիրառվում է օդային տարածքի օգտագործման սահմանափակում կամ արգելք, ապա այն պետք է կիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ՝ անկախ դրանց ազգային պատկանելությունից:
Այնինչ Թուրքիան կոնկրետ թիրախավորում է հայկական գրանցում ունեցող եւ հայկական ավիաընկերությունների համար աշխատող ինքնաթիռները: Առիթ ունեցել ենք գրելու, որ մեր արեւմտյան հարեւանը խոչընդոտել է նաեւ այլ երկրներում գրանցված, բայց վարձակալության հիմունքներով հայկական ավիաընկերության համար աշխատող օդանավերի տարանցիկ թռիչքները իր երկնքով: Դրա ականատես ենք եղել թե՛ 2022, թե՛ 2023 թթ.:
Համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ, ինչպես ասվեց, չի կարող խտրական վերաբերմունք դրսեւորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ: Այդուհանդերձ, փաստացի հենց դա է տեղի ունենում արդեն 4 տարի:
Հերթական ապացույցը երեկ տեղի ունեցածն է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։