10/07/2024 20:38
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալի խափանման միջոցը փոխվեց․ կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, կայացել է 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Այս դրվագով մեղադրյալի կարգավիճակում է «MMA» չեմպիոն Թորգոմ Ասատրյանը, որը մեղադրվում է Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ՝ իբրև վերջինիս նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Թորգոմ Ասատրյանը կալանքի տակ է գտնվել 2023թ․ փետրվար ամսից՝ առ այսօր։
Արարատ Միրզոյանի մահափորձի վարույթից՝ Թորգոմ Ասատրյանի վերաբերյալ անջատված մասով գործն արդեն տևական ժամանակ է, ինչ դատարանի վարույթում է, գտնվում է հիմնական դատալսումների փուլում։ Գործով արդեն հարցաքննվել են առանցքային վկաները՝ Միրզոյանի անվտանգության աշխատակիցները, որոնք, թեև պատմել են այդ օրը տեղի ունեցած դեպքերը, որևէ կերպ չեն հիշատակել սույն գործով ամբաստանյալին։ Առհասարակ՝ այս գործով որևէ վկա չի նշում, որ դեպքի ժամանակ տեսել է ամբաստանյալին։ Այսօրվա նիստում ևս նախատեսված էր դատակոչված երկու վկաների հարցաքննությունը, որը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ վկաները երկրում չեն գտնվում։ Հաջորդիվ, պաշտպանության կողմը բարձրացրեց՝ Թորգոմ Ասատրյանի խափանման միջոցի փոփոխման հարցը՝ նշելով, որ գործով վկաներն արդեն հարցաքննվել են, հետևաբար, կալանքի հիմքերը՝ նրանց նկատմամբ հնարավոր ազդեցության՝ վերացված են, ուստի, միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը։ Դատարանը որոշեց մասամբ բավարրարել միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում