11/07/2024 13:18
Հուսով եմ՝ սահմանազատումով վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել, այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կադաստրի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «սաղ տվեցին, այս իշխանությունը ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի։ Հասցեատերն ինքը չէ, սա քաղաքական հարց է»,- նշեց Սիմոնյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը պահանջել էր Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանին կոնկրետ ասել, թե ՀՀ տարածքից որքան տարածք է տրվել Ադրբեջանին։
«1 մլն 347 անգամ պատասխանը հնչել է` ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել, չի քննարկվել ու չի կարող քննարկվել»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ այն սկզբունքներով, որով մտել են սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի մեջ, կվերջնականացնեն ու կվերարտադրեն Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզն՝ ըստ Ալմաթիի հռչակագրի սկզբունքների։
«Ես հույս ունեմ, որ վերջ կդնենք տասնամյակներով շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք՝ պատերազմ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։