11/07/2024 15:04
Աշխատունակ մարդը պետք է աշխատի ու նպաստ չստանա. նոր համակարգ է ներդրվում
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Ընտանիքների անապահովության գնահատման ներկայիս համակարգի հիմնախնդիրները կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ մի շարք օրենքներում, որոնց ընդունման պարագայում հնարավոր կլինի ամբողջությամբ վերանայել ընտանիքի անապահովության գնահատման հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող կառավարության որոշումները: Նախագծերի մշակմամբ գործարկվելու է ընտանիքի նոր գնահատման համակարգ, վերանայվելու են գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսապայմանների բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով։
Կառավարության ղեկավարն արձագանքելով՝ նշել է, որ բավականին բարդ և ծավալուն թեմա է, բայց հետևյալ արձանագրումն է կատարվում, որ ընտանիքին՝ կախված անդամների թվից և կարգավիճակից (կարող են լինել անչափահաս, թոշակառու, հաշմանդամություն ունեցող անձ) կենսապահովման համար հարկավոր է այսքան գումար։ «Հաջորդիվ՝ մենք առանձնացնում ենք, որ ընտանիքում կա աշխատունակ մարդ, մեր քաղաքականությունն է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Ես ուզում եմ նորից արձանագրեմ, որ դա, կներեք, անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պետք է օգնի, այսինքն՝ հումանիտար օգնություն տա։ Սա, կներեք, աբսուրդ է, սա էլ է ապապետական մտածողություն՝ աշխատունակ մարդը պետք է աշխատի։ Որտեղ աշխատի, ոնց աշխատի՝ սա երկրորդ թեման է: Եվ դրա համար մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ առաջինը՝ աշխատունակ մարդը, ով անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի որպես աշխատանք փնտրող, որպեսզի մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով առաջարկի աշխատանք։ Համակարգի հաջորդ նորամուծությունն այն է, որ աշխատանք ստանալու պահին և հետագա ամիսներին նա չի զրկվելու այս սոցիալական աջակցությունից»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։