12/07/2024 10:14
Այո´, բանակը սրբություն է, իսկ խնդիրները նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են որպես զուտ վարձու աշխատող․ Աբրահամյան
Ցանկացած զինծառայողի մահվան դեպք ինձ համար անձնական ողբերգություն է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա պատմել է, որ երեկվա 3 միջադեպերի մասին հաղորդագրություններն ամբողջ օրն իրեն ներքին ալեկոծությունների մեջ են պահել ու հիմա էլ շարունակում են պահել:
«Վթարներ, մահվան ելքով պատահարներ, մի այլ ողբերգություն էլ հրապարակվող-չհրապարկվող «ռազբոռկաներն» են, զորամասում «բազառների» գնացող հաշիվ պահանջողները, և այլն:
Վերջերս իշխող կառավարիչն ասում էր` ժողովուրդը բանակը սրբացրել է, դրանից են մեր խնդիրներն ու պարտությունները:
Այո´, բանակը սրբություն է, և ճիշտ է արել ժողովուրդը, որ այն սրբացրել է, որովհետև բանակաշինության հիմքում սրբազան գաղափար է` պաշտպանել հայրենիքն ու հային, անհրաժեշտության դեպքում` կյանքի գնով:
Գիտակցված այս առաքելությունը ստանձնող մարդը երկրի համար ամենաթանկն ու արժանավորն է», - նշել է նա:
Ըստ պատգամավորի, մեր այսօրվա խնդիրները հենց նրանում են, որ հայրենիքի պաշտպանին հռչակել են զուտ վարձու աշխատող, իսկ նրա ծառայությունը գնահատում են զուտ աշխատավարձի ձևով` համարելով, որ մեծ բան են անում այն մարդկանց համար, ովքեր օրուգիշեր կյանք են տալիս երկրի պաշտպանության համար․
«Եվ վերջում, չեմ հոգնի կրկնելուց` այո´, բանակը սրբություն է:
Խոնարհումս հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հայրենակիցներին:
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր արժանապատվությամբ կատարում են իրենց առաքելությունը` պաշտպանում իրենց երկիրը»: