12/07/2024 13:09
Սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով, և աշխատանքում որևէ սառեցում չկա. Արշակյան
Սահմանազատման հանձնաժողովն աշխատում է իր ընտրած ռեժիմով, և եթե հարցեր կան, կարող եք դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, նրանք հնարավորինս բաց կպատասխանեն, լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։
«Իմ տեղեկություններով՝ գործընթացի որևէ սառեցում չկա, աշխատանքը հունով շարունակվում է»,-նշեց նա։
Արշակյանը պնդեց, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել չի լինի։
Լրագրողները նրան հիշեցրեցին, որ ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե չհամաձայնվեն սահմանազատման գործընթացին, ապա պատերազմ կլինի, արդյո՞ք այդ դեպքում սպառնալիքի լեզվով չեն խոսում։
Այդ հարցին Արշակյանը պատասխանեց.«Ես չեմ ասում, որ ուժի լեզվով որևէ մեկը որևէ մեկի հետ չի խոսում։ Ես ասում եմ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք չէ։ Եվ, ընդհանրապես, երբ խոսվում է խաղաղության մասին, չի կարող խաղաղությունը լինել պարտադրված, եթե բալանսավորման խախտում եղավ, դա չի կարող երկարաժամկետ լինել»։