12/07/2024 19:00
Թավշյա հեղափոխությունից հետո նորովի արժևորվեց կրթության նկատմամբ վերաբերմունքը. ՔՊ-ական
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ալխաս Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հուլիսի 12-ին հանդիպել են «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարան այցելած Շիրակի մարզի շուրջ 20 կանանց եւ աղջիկների հետ:
Կազմակերպությունը Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացնում է «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական եւ քաղաքացիական կյանքում» ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ որոշումների կայացման հարցում: Ծրագրին մասնակից տարբեր մասնագիտություններ ունեցող կանանց համախմբել է մասնագիտական հմտություններն ու գիտելիքները կատարելագործելու ձգտումը, փորձի փոխանակումը:
Ողջունելով հյուրերին` պատգամավորները կարեւորել են ինքնակրթվելու, կատարելագործվելու ձգտումը:
Զարուհի Բաթոյանը եւ Լիլիթ Ստեփանյանը նշելով, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ են, ներկայացրել են օրենսդրական եւ քաղաքացիների հետ իրականացվող աշխատանքները:
«Եթե ցանկանում ես, որ փոփոխություններ լինեն քո երկրում, պետք է այդ փոփոխությունները նաեւ ինքդ նախաձեռնես: Իհարկե, միանձնյա չես կարող, պետք է ունենաս թիմ աշխատելու համար»,- նշել է Զարուհի Բաթոյանը` շնորհակալությամբ հավելելով, որ բազմաթիվ նախաձեռնություններում իրեն աջակցել է քաղաքական թիմը:
Ալխաս Ղազարյանը, տեղեկացնելով, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, նշել է, որ շարունակում է գիտական գործունեությունը: Նրա խոսքով թավշյա հեղափոխությունից հետո նորովի արժեւորվեց կրթության նկատմամբ վերաբերմունքը, իսկ Կառավարությունը կրթության, գիտության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Կարեւորելով ինքնակրթությունը` Ալխաս Ղազարյանն ասել է. «Եթե մարդն ունի երազանք, ցանկություն եւ կամք, որեւէ խոչընդոտ չի խանգարի նրան նպատակին հասնելու համար»: Նա ողջունել է խորհրդարան այցելած կանանց` մաղթելով հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ:
Լիլիթ Ստեփանյանը, ներկայացնելով իր աշխատանքային ուղին, կարեւորել է կանանց կյանքում ընտանիքի աջակցությունը:
Պատասխանելով հյուրերի հարցերին` պատգամավորները խոսել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ, մասնավորապես, կանանց ցուցաբերվող աջակցության, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների հետ տարվող աշխատանքների մասին, անդրադարձել են համայնքներում կանանց հիմնահարցերին, իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքներին: Նրանք կարեւորել են թիմային աշխատանքը, համագործակցությունը, համարձակությունն ու պատասխանատվությունը:
«Կանանց իրավունքների տուն» կազմակերպության նախագահ Կարինե Դավթյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության եւ արդյունավետ քննարկման համար, նշել է, որ շատ կարեւոր թեմաներ արծարծվեցին եւ շեշտադրումներ եղան, որոնք կօգնեն ծրագրի մասնակիցներին իրենց գործունեության ընթացքում: