12/07/2024 15:52
Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին
Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին:
Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը կարծիքներ են նաև փոխանակել կապիտալի շուկայի զարգացման ու առևտրի խթանման հնարավորությունների մասին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է վերջիններիս բնակարանային ապահովության և զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը հատկապես զբաղվածության խթանման ուղղությամբ:
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման, ռազմավարական հաղորդակցության ու աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ ձևավորված համագործակցության վերաբերյալ: Շեշտվել է հատկապես կարողությունների զարգացման և ինստիտուտների դիմակայնության բարձրացման կարևորությունը: