12/07/2024 12:11
ԱՄՆ անկախության տոնին նվիրված միջոցառում Կապանում՝ դեսպան Քվինի Սյունիք կատարած այցի ընթացքում
Ս․թ․ հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում է անցկացրել Կապանում։
Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Հայաստանցիներն արժանի են ապրել խաղաղ և բարեկեցիկ պայմաններում։ Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է», - ասել է դեսպան Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։
Սյունիքում դեսպան Քվինը հանդիպել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննության առնելու հայ-ամերիկյան համագործակցության խորացման հնարավոր ուղիները և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և բարեկեցությանը։ Դեսպանը նաև ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։ Հաջորդիվ նա հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և Պարեկային ծառայության ներկայացուցիչներին։ Պարեկային ծառայությանը տրամադրվել են առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։
Կապանում դեսպան Քվինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ լսելու նրանց ընթացիկ կարիքների մասին և տեղեկանալու իրենց նոր հանգրվաններում Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված աջակցության մասին։
Կապանում դեսպան Քվինը նաև փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրել Սյունիքի մարզային գրադարանի տնօրեն Լիանա Գասպարյանի հետ՝ Կապանի «Ամերիկյան անկյան» հետ շարունակական համագործակցության վերաբերյալ։ Դեսպանը նաև զրուցել է ԱՄՆ դեսպանության կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի անգլերենի դասընթացի մասնակիցների հետ։ Ծրագիրը Կապանում, Գորիսում և Մեղրիում իրականացվում է «Կրթական նախաձեռնություններ» ՀԿ-ի կողմից։
Սյունիքում դեսպան Քվինի հաջորդ կանգառն ամերիկյան Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադում է եղել, որը վերականգնվող էներգիայի առաջատար արտադրողներից է և տարեկան կտրվածքով ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի 12-15 տոկոսը։