12/07/2024 14:46
Ա՛յ պարոն Բաքոյան, ա՛յ կոռուպցիոներ, մենք չունենք վստահություն, որ նոր բացվող հանքը կվերահսկվի պետության կողմից և չի խախտի ստանձնած պարտավորությունները
Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային լսումներն իրականացնելու համար ՏԻՄ-ը չի ապահովել բավարար պայմաններ՝ բոլոր շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավման համար։
Հանրային լսումները հսկել են ոստիկանները՝ համայնքի ու հարևան բնակավայրերի բնակիչներին թույլ չտալով մասնակցել դրանց։ Պատճառաբանել են, թե դահլիճում տեղ չկա։
Գինեվետի գյուղապետարանում անցկացվող հանրային լսումներին համայնքի բնակիչներից մասնակցել են միայն համայնքապետարանի աշխատակիցները։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանն ասաց, թե 4-րդ հանրային լսման մասին իմացել է պատահաբար՝ ՇՄՆ կայքից։
«Եթե մենք պայքարում ենք Այգեզարդում հանք չբացելու համար, հավաքել ենք գյուղի գերակշիռ մասի ստորագրությունները, իսկ կողքը երկու անգամ ավելի մեծ մակերեսով հանք է բացվում, ստացվում է, որ մեր ամբողջ աշխատանքն ընկնում է ջուրը։ Մենք չենք կարող այս նախագծի նկատմամբ անտարբեր մնալ։ Լսումներից մեկ օր առաջ Արտաշատի համայնքապետարանից նամակ եկավ, որ մենք որպես շահագրգիռ կողմ կարող ենք մասնակցել և դիրքորոշում հայտնել»,-հայտնեց Արփինե Խաչատրյանը։
Մինչդեռ, ըստ նրա, լսումներից երկու ժամ 5 րոպե առաջ ոստիկաաները փակել են մուտքը և ասել, թե ներսում տեղ չկա, դահլիճը լցված է։
«Բացահայտ խտրականություն է, այնինչ մենք նախարարությունից նամակ էինք ստացել, որ Այգեզարդի և Քաղցրաշենի բնակիչները կարող են մասնակցել և դիրքորոշում հայտնել։ Սկզբից կարծում էինք, թե խտրականությունը այգեզարդցիների և գինեվետցիների մեջ են դնում, այնինչ, իրենք մանրակրկիտ ուսումնասիրել էին, թե ովքեր են դեմ և «ռենտգեն» անելով էին թույլ տալիս, թե ով մտնի դահլիճ։ Տեսանյութերով մենք տեսել ենք, որ դահլիճում տեղ կար»,-ասաց Խաչատրյանը։
Գինեվետ բնակավայրի բնակիչ Վարդուհի Բարսեղյանն էլ պատմեց, որ մեծ դժվարությամբ կարողացել է մտնել գյուղապետարան, դահլիճ մտնել նրան չի հաջողվել, միջանցքից լսել է, թե ինչպես են ներսից հարցնում. «Ինչու Գինեվետից ինչ-որ մեկը չի արտահայտվում».
«Ես ու քույրս միանգամից գոռացին՝ մենք, մենք կարտահայտվենք։ Ոստիկանները մեր թևերը ծալեցին և դուրս հանեցին»։
«Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ, Վեդի համայնքի բնակիչ Մհեր Կարագյոզյանն էլ ասաց, թե մի շարք ապօրինություններ են տեղի ունեցել, մարդկանց իրավունքների կոպտագույն ոտնահարումներով.
«Սա հանրային լսում չէր, սա ուղղակի ֆիկցիա էր, դահլիճ թողնում էին ընտրովի, թողնում էին այն քաղաքացիներին, ովքեր կողմ էին հանքի բացմանը։ Մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք դիրքորոշում հայտնելու, որը հետևյալն էր. «Ա՛յ պարոն Բաքոյան, ա՛յ կոռուպցիոներ, մենք չունենք վստահություն, որ նոր բացող հանքը կամ գործարանը կվերահսկվի պետության կողմից և չի խախտի լիցենզիայով ստանձնած պարտավորությունները»։
Կարագյոզյանն ասաց նաև, թե լսել է, որ «Օրդ գրուպ» ընկերությունը, որը ցանկություն ունի այդ հանքը շահագործելու, Վեդու քաղաքապետարանի հետ հուշագիր է կնքել, որ գործարանի շահույթի 10 տոկոսը պետք է գնա Վեդու բյուջե, ինչը, ըստ «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահի, կոռուպցիա է։ Մհեր Կարագյոզյանը պնդում է՝ չորրորդ հանրային լսումը պետք է չեղարկվի և քրեական գործ նախաձեռնվի, քանի որ այդտեղ կան կոռուպցիոն տարրեր։