12/07/2024 14:05
Նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել հազվագյուտ հավաքածուին (Տեսանյութ)
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Այցի շրջանակներում նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել թանգարանի հազվագյուտ հավաքածուին:
Թանգարան-արգելոցի տնօրեն Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահներով, տեղեկացել ընթացիկ ծրագրերի և իրականացվող պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հետաքրքրվել թանգարան-արգելոցի խնդիրներով և վերջիններիս լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներով:
Այնուհետև նախագահ Վահագն Խաչատրյանն այցելել է Լեռնագոգ բնակավայր և ծանոթացել համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոր մանկապարտեզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարության ընթացքին:
Այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է նաև «Կարաս Վայնս» գինու գործարան, ծանոթացել վերջին տարիներին գործարանի արձանագրած հաջողություններին և ընդհանուր գործունեությանը:
Արմավիրի մարզում նախագահն այցելել է նաև «Վանանդ Ագրո» Փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնված ինտենսիվ նշի այգիներ, ծանոթացել տնտեսվարողների գործունեությանն ու առաջիկա նախագծերին, տեղեկացել առկա խնդիրներին և վերջիններիս լուծման ուղղությամբ մասնավոր հատված-տեղական իշխանություն համագործակցության արդյունքում իրականացվող աշխատանքներին:
Այցերի ընթացքում Հանրապետության նախագահը շեշտել է բիզնեսի և պետական մարմինների սերտ համագործակցության դրական ազդեցությունն ամբողջ մարզի տնտեսական ներուժի լիարժեք կյանքի կոչման հարցում: