12/07/2024 10:06
«Ժողովուրդ». Պատգամավորին չէր խանգարի նախքան ելույթ ունենալը ծանոթանալ որոշ ցուցանիշների՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։ Այդ շարքից է նաև պատգամավորուհու՝ հարցազրույցում արած պնդումը։
Միայն թե, արժեր Սոնա Ղազարյանին հիշեցնել, օրինակ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Ընդ որում, շատ կարևոր է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, քանի որ, եթե Թուրքիայի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ ու ռազմական ագրեսիայի վտանգ, ապա հայ-իրանական սահմանին այդ վտանգն առկա չէ:
Հիմա ՌԴ-ի՝ իբր Հայաստանից «փուլ առ փուլ» դուրս գալու մեկ այլ օրինակ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առևտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։ 16.3 մլրդ դոլար առևտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարևորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի և այլն ռուսական ընկերություններինն են։
Իսկ որևէ երկրի ներկայությունը միայն ռազմաբազաների տեսքով չէ, այլ նաև տնտեսական է։ Օրինակները բազմաթիվ են, և պատգամավորին չէր խանգարի նման ցուցանիշներին ծանոթանալ՝ նախքան ելույթ ունենալը։
Մի բան էլ՝ իր գործընկերները վերջերս հաճախակիացրել են այցերը դեպի ՌԴ՝ հակառակ հակառուսական հայտարարություններին։ ԱԺ պատգամավորների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ-ի՝ ՀՀ-ից «փուլ առ փուլ» դուրս գալու տրամաբանության մե՞ջ են»։