13/07/2024 23:33
«Ոսկե ծիրան» փառատոնն ավարտվել է․ հայտնի են մրցանակակիրները
Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 13-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», Արծաթե ծիրան՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման արժանացավ Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։
Տարածաշրջանային մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», Արծաթե ծիրանի՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման արժանացավ Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Վերջինս ստացավ նաև Fipresci-ի մրցանակ։
Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրան ստացավ Հրանտ Վարժապետյանի «Տուն»-ը, Արծաթե ծիրան՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։
Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կայացավ հուլիսի 7-14-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային հայեցակարգի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալն կրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինեց արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
Բացի այդ, «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կատարեց երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում` 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փեյնը փակման արարողության ժամանակ արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։
Կանադահայ վարպետ Ատոմ Էգոյանը այս տարվա կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի նախագահն էր։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն էր հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհը, ով հայ հանդիսատեսին գուցե առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։
Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, կրկնակի օսկարակիր Քեւին Սփեյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լավագույն արտիստներից մեկը։ 21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա Փանահիի առաջին փառատոնային այցն էր 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։ Փանահիին փակման արարողության ժամանակ հանձնվեց Փարաջանովյան թալեր մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։
Փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։