13/07/2024 14:50
Արտաշատ համայնքի ղեկավարի նկատմամբ շահերի բախման հատկանիշներով վարույթ է հարուցվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերևույթ խախտելու հատկանիշներով: Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Արտաշատի ավագանու անդամի ընկերությունը՝ նույն համայնքի սուբվենցիոն ծրագրերի հաղթող» վերնագրով հոդվածը:
Այս մասին գրում է «Հետք»-ը:
Հանձնաժողովը պարզել է, որ Արտաշատ համայնքի ղեկավարի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ (Արտաշատ համայնքի ավագանու անդամ), «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր և տնօրեն Նարեկ Բաղդասարյանի հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023թ. նոյեմբերի 7-ին գնման պայմանագրի կնքմամբ Կառլեն Մկրտչյանն իր լիազորությունների շրջանակում կատարել է գործողություն (անգործություն), որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման: Մինչդեռ, որպես քաղաքական պաշտոն զբաղեցնող անձ, այդ մասին «Հանրային ծառայության» մասին օրենքով սահմանված կարգով 10-օրյա ժամկետում գրավոր հայտարարություն չի ներկայացրել հանձնաժողով՝ այդ կերպ թույլ տալով օրենքի առերևույթ խախտում:
«Հետքը» գրել էր, որ Արտաշատ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին երկու տարվա ընթացքում մոտ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող է եղել Արտաշատ համայնքում: Համայնքապետարանում որևէ խնդիր չեն տեսնում, ուղղակի վկայակոչում են «Գնումների մասին» օրենքի այն դրույթը, ըստ որի՝ գնումների մասնակիցները հավասար են:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ. նոյեմբերի 7-ին Արտաշատի համայնքապետարանը Մասիս, Ազատավան, Ջրաշեն բնակավայրերի փողոցների նորոգման, ասֆալտապատման աշխատանքների կատարման պայմանագիր է կնքել «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ մոտ 205 մլն 558 հազ. դրամ արժեքով: Նյութի հրապարակման ժամանակ շինաշխատանքները դեռ չէին ավարտվել, և մինչ այդ ընկերությանը վճարվել է մոտ 133 մլն 613 հազ. դրամ: Այս ծրագրով ևս 65%-ը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից, իսկ 35%-ը՝ պետական:
Կուսակցական և ընկերական կապերն օգտագործվել էին նաև Արարատի մարզպետարանում: 2023թ․-ին ընթացքում Արարատի մարզպետարանի աշխատակազմը մոտ 109 մլն դրամի պայմանագիր է կնքել Արտաշատի ավագանու անդամ Նարեկ Բաղդասարյանին պատկանող «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի հետ՝ Արտաշատ համայնքում շինաշխատանքներ իրականացնելու նպատակով: Պայմանագրերը կնքելուց հետո մարզպետարանը, որպես պատվիրատու, իր իրավունքներն ու պարտականությունները համաձայնագրով փոխանցել է Արտաշատի համայնքապետարանին: Նմանատիպ կետ նախատեսված է եղել նաև պայմանագրով:
Արարատի մարզպետարանի անունից պայմանագրերը կնքել է աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը: Նա ևս Արտաշատ համայնքի ավագանու անդամ է: Իսկ Արթուր Մկրտչյանի հայրը՝ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։