13/07/2024 17:41
Էրդողան. «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ այցելել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, գրում է ermenihaber.am-ը։
Լրագրողներից մեկը հարց է ուղղել․ «Իրանում նախագահ փոխվեց, Հայաստանում Փաշինյանը խաղաղությանը կողմ նախադասություններ է կազմում։ Թուրքիա֊Ադրբեջան հեռանկարն ուր որ է Կովկասում խաղաղություն կբերի… Այս համատեքստում ի՞նչ կասեք Հայաստան֊Ադրբեջան խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» մասով Իրանի դիրքորոշման վերաբերյալ։ Դուք ակնարկել էիրք, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստերագրեն, այդ տարածաշրջանում լիովին խաղաղության մթնոլորտ է լինելու և գուցե Հայաստան֊Թուրքիա սահմանը բացվի։ Հնարավո՞ր է դրա մասին մտածել»։
Էրդողանը պատասխանել է․
«Ինչո՞ւ չպետք է մտածենք։ Այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստները ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի այս խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար: Այս քայլերը դրական ներդրում կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման և խաղաղության գործում։ Այս տարածաշրջանից լավ լուրերի հույս ունենք, կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:
Էրդողանը նաև նշել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքը» չի քննարկվել։
«Մենք միայն քննարկել ենք, թե ինչպես է նա հաղթել ընտրություններում», -նշել է նա։ Թուրքիայի նախագահը նաև իր մտադրությունն է հայտնել ամրապնդել թուրք-իրանական հարաբերությունները՝ ասելով.
««Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական միջանցք է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին, և երբ այս միջանցքը գործարկվի, Իրանը և Ադրբեջանը երկուսն էլ կհանգստանան: Այս միջանցքը շատ կարևոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հուսանք, երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։