13/07/2024 09:52
«Փաստ». Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է
«Փաստ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրական տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին հինգ ամսվա կտրվածքով էական աճ է արձանագրել՝ միանգամից 2,2 անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Առաջին չորս ամսվա տվյալները ներկայացնելիս նշել էինք, որ «փաշինյանական դիվերսիֆիկացիան» հանգեցրել է նրան, որ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է: Իսկ ի՞նչ վիճակ է «հնգամսյակի» տվյալներով, գուցե Արևմուտքի հետ ցուցանիշները որոշակի փոփոխությո՞ւն են կրել: Պարզվում է՝ ոչ:
Ավելին, ԵՄ հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը գրանցել է 23,7 տոկոս անկում, մասնավորաբար՝ Ֆրանսիայի պարագայում անկումը կազմել է 18 տոկոս, Գերմանիայի պարագայում՝ 35,9: ԵՄ անդամ բոլոր երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 877 մլն դոլար (Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 16,3 մլրդ): Ոչ պակաս տխուր է պատկերը ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերություններում. ապրանքաշրջանառությունը կազմել է ծիծաղելի 193 մլն դոլար՝ գրանցելով 37,2 տոկոս անկում: Պարզվում է՝ շատ ավելի՝ 2,8 անգամ աճ է արձանագրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ կազմելով 7,5 մլրդ դոլար: Հարևաններից Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 6 տոկոսով, Վրաստանի հետ՝ 3 տոկոսով:
Բարեբախտաբար, էական աճ է գրանցել Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը՝ ամբողջ 54 տոկոսով, սակայն Չինաստանի հետ առևտուրը կազմում է ընդամենը 1,2 մլն դոլար: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա արտաքին առևտրի ծավալները նորից աճ են գրանցել, այս անգամ՝ 2,8 անգամ՝ հասնելով 7,5 մլրդ դոլարի: Ճիշտ է, նորից աճ է գրանցվել ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառության ցուցանիշներում, ընդ որում՝ ահռելի՝ մոտ 7,2 անգամ, հասնելով 3,3 մլրդ դոլարի, սակայն տնտեսագետների գնահատմամբ, դարձյալ գործ ունենք նույն Ռուսաստանի հետ՝ այլ «փաթեթավորմամբ»: Ու նորից ստացվում է նույն վիճակը՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից տատանվում է 60-70 տոկոսի սահմաններում»։