14/07/2024 13:47
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Ծիծեռնակաբերդ
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հուլիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ տնօրենը ԱՄՆ-ից ժամանած հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
ՀՑԹԻ տնօրենը հյուրերին է ներկայացրել նաև Հիշողության պուրակի պատմությունը և նշել, որ առաջին ծառը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոուլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի, 1997 թ.-ին:
Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Ուզրա Զեյան նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, ինչպես նաև Արա Քեթիպյանի Azeri Aggression against Armenians in Transcaucasia (1905-1921). Reports from the U.S. Press գիրքը: