15/07/2024 17:34
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ հայցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
Պաշտոնյան հավելել է, որ հայցի միջոցով նախագահը պահանջում է կասեցնել նշված օրենքի գործողությունը և վերջնականապես չեղարկել այն։
Օրենքը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։
Վերոնշյալ օրենքի ընդունման պատճառով ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը։