15/07/2024 21:54
Դատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնի
Գլխավոր դատախազությունը հրաժարվում է հայտնել՝ Կիրանցում սեփականության վկայականների տրամադրման հիմք դարձած կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու նպատակով կառավարությունից գրություն ստացե՞լ է։ Այս մասին գրում է Azatutyun.am-ը:
Որ իրավունքների պետական գրանցումները Կիրանցում կատարվել են «ոչ ճշգրիտ տվյալների» հիման վրա, պնդել էր Արդարադատության նախարարությունը՝ այդպես բացատրելով, թե ինչպես է ստացվել, որ Ադրբեջանին անցած որոշ տարածքների նկատմամբ մարդիկ սեփականության իրավունք ունեն։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր մոտ 1.5 ամիս առաջ խորհրդարանում հայտարարել, որ կառավարությունը գրություն է ուղարկել դատախազություն՝ եղելությունը պարզելու համար։
«Եթե չեմ սխալվում, համապատասխան գրությունով կարծեմ դատախազությանն ուղարկվել է, որպեսզի պարզեն եղելությունն էդ քարտեզների հետ կապված», - ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Դատախազությունը կառավարությունից գրություն ստանալ-չստանալու հարցը համարել է գաղտնիք և մերժել տեղեկատվության տրամադրումը, այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նույն հարցին պատասխանելիս գաղտնիքի մասին ոչինչ չէին նշել։ Ընդ որում՝ այն ժամանակ ասել էին, թե կադաստրային քարտեզների անճշտությունները պարզելու հարցով կառավարությունից որևէ գրություն չեն ստացել:
Եթե հարցը գաղտնիք է պարունակում, նշանակո՞ւմ է արդյոք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հունիսի 3-ին խորհրդարանում նման հայտարարություն անելով օրենք է խախտել: Պատասխանը ստանալու համար դիմել ենք դատախազություն:
Այն, որ սահմանազատված Կիրանցում սեփականության վկայականների անճշտություններով իրավապահներն են զբաղվելու, նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարն է վստահեցրել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։