15/07/2024 19:22
Ժողովրդավարական բարեփոխումներին ՀՀ-ի անսասան հանձնառությունն ամրապնդել է ԵՄ-ի հետ հարաբերությունները. Կալյուրանդի
Մարինա Կալյուրանդի մանդատը՝ որպես Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ավարտվում է: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Այս կապակցությամբ եվրապատգամավորը հայտարարություն է տարածել.
«Ինձ համար պատիվ էր վերջին հինգ տարիներին գլխավորել Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը շատ կարևոր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցում: Քանի որ իմ մանդատը մոտենում է ավարտին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին իրադարձություններով լի այս ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության համար:
Անդրադառնալով անցած տարիներին՝ հիշեցնեմ Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ուշագրավ առաջընթացը և այն դերակատարումը, որ ունեցել է մեր խորհրդարանն այդ գործընթացում: Մեր կապերի այս դինամիկ զարգացումը ամրապնդվել է ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանի անսասան հանձնառությամբ, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, և ես նայում եմ դեպի ապագա՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր հարաբերությունների հետագա ակտիվացման հույսով:
Ցավում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ուժի կիրառման որոշում է կայացրել, որը ողբերգական հետևանքներ է ունեցել մարդկային և նյութական կորուստների ու Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության բռնի տեղահանման տեսքով: Այդուհանդերձ, կա տևական խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հնարավորություն, և դրանից պետք է օգտվել։
Ինձ անհանգստացնում են նաև վերջին տարիներին Ադրբեջանում քաղաքացիական ազատությունների զանգվածային ճնշումները, ինչը վճռորոշ խոչընդոտ է մեր հարաբերությունների զարգացման համար։ Ես հպարտ եմ Եվրախորհրդարանի սկզբունքային դիրքորոշմամբ և ցանկանում եմ հուսալ, որ այդ երկրի ղեկավարությունը կփոխի իր քաղաքականությունը։
Ես խորապես ափսոսում եմ նաև Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի համար: Վրաստանը հասել էր մի բարձր նշաձողի, երբ նրան շնորհվել էր ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորհրդարանը եղել է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումների անսասան ջատագովը: Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, սակայն, ուղղակիորեն հակասում են այդ ձգտումներին և վտանգում են երկրի եվրոպական ապագան։ Վստահ եմ՝ ով էլ հաղթի Վրաստանում կայանալիք ընտրությունում, երկիրը կվերադարձնի ժողովրդավարական բարեփոխումների և եվրաինտեգրման ճանապարհ։ Վստահ եմ նաև, որ Եվրախորհրդարանը և Հարավային Կովկասի հարցերով նրա պատվիրակությունը այնտեղ կլինեն՝ տեղում ուղեկցելու նրան այդ գործընթացում»: