15/07/2024 12:32
Շենքը չեն կարող պայթեցնել, քաղաքապետարանի թույլտվությունը չկա. Հայկ Կոստանյանը՝ Պարույր Սևակ փողոցի շենքի մասին
Երևանի Պարույր Սևակ 8, 8/1 և 8/2 շենքերի մի խումբ բնակիչներ դիմել էին Aysor.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրենց շենքերի դիմաց գտնվող լքված բազմահարկ շենքը հուլիսի 18-ին պատրաստվում են պայթեցնել:
Բնակիչները մտահոգություն էին հայտնել, որ շենքի պայթյունը, որքան էլ անվտանգ պայմաններում իրականացվի, կթուլացնի իրենց շենքերի ամրությունը, որոնք շահագործման են հանձնվել 2015-2018 թվականների ընթացքում, և կվնասի հարևանությամբ գտնվող Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բուժում ստացող հիվանդներին։
Aysor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ դեռևս գարնանը «Կամ Դեվելոփմենթս» ՍՊԸ-ն դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի քանդման թույլտվության համար։
«Քանդման թույլտվությունը եղել է քաղաքապետարանի կողմից։ Դրանից հետո ՍՊԸ-ն վերահամաձայնություն է բերել քաղաքապետարան այն մասին, թե ուզում է քանդումն իրականացնել պայթեցման եղանակով։ Դրան քաղաքապետարանը համաձայնություն չի տվել։ Այս պահի դրությամբ քաղաքապետարանը հակված չէ, որ շենքի քանդումն իրականացվի պայթեցման եղանակով, հետևաբար, առանց մեր համաձայնեցման և որոշման, քանդումը չեն կարող իրականացնել պայթեցման եղանակով»,-հայտնեց Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, շենքը նախկինում պատկանել է ՊԵԿ-ի «Հատուկ կապ» ՓԲԸ-ին: