15/07/2024 17:30
Լինելով հնագույն բնակավայր՝ Օշականն այն եզակի պատմական վայրերից է, որ պատմության ընթացքում երբեք անվանումը չի փոխել. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)
Օշականի մասին գրավոր հիշատակումները սկսվում են վաղ միջնադարից, բայց հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ Օշականը բնակեցված է եղել դեռևս բրոնզեդարյան շրջանում: Կիկլոպյան ամրոցի հետքերը և հնագիտական այլ շերտերը դրա վառ ապացույցն են: Այս բնակավայրը հայկական (և ոչմիայն) իրականության այն եզակի վայրերից է, որ երբեք անվան փոփոխություն չի կրել՝ միաժամանակ անքակտելիորեն կապված լինելով հայոց պատության ամենակարևոր ու անկյունաքարային դրվագների հետ:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Օշականը դեռևս 4-րդ դարում արքունապատկան տիրույթ է եղել և հայոց արքա Խոսրով Կոտակն Օշականը նվիրաբերել է Ամատունի իշխանատոհմին՝ որպես Վահան Անատունի իշխանի Օշականի ճակատամարտում մասքութ նվաճողներին ջախջախելու գնահատանքի դրսևորում: Շուրջ մեկ դար անց Ամատունի իշխանատոհմից մեկ այլ զորական և պետական գործիչ Վահանը իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի աճյունը բերել է Օշական և գրերերի գյուտի հեղինակ սրբի դամբարանի հիմքի վրա կառուցել Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին:
Ուշագրավ է, որ հաջորդ դարերում էլ Օշականը հոգևոր ու քաղաքական պորտալարով կապված է եղել հայկական կենտրոնների հետ: Օրինակ՝ 17-րդ դարում Էջմիածնի և Օշականի եթակառուցվածքային կապն ավելի ամրապնդելու համար Քասաղ գետի վրա Նահապետ Եդեսիացի կաթողիկոսը կառուցել է հայտնի Օշականի կամուրջը, որը մինչ օրս կանգուն է և գործում է: Արդեն 18-րդ դարի վերջին Օշականի կամուրջը հիմնանորոգել է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ սովորաբար Օշականն ասոցացվում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու, Օշականի ճակատամարտի և Օշականի կամուրջի հետ, սակայն Օշականը չի սահմանափակվում միայն այս պատմամշակութային արժեքներով ու պատմական իրադարձություններով։ Օրինակ՝ Սուրբ Սիոն եկեղեցին, որը հայտնի է նաև Մանկանոց մատուռ անվանումով, կարևոր տեղ ունի հայոց պատմության մեջ և ըստ մասնագետների՝ թվագրվում է 7-րդ դարով:
Օշականի պատմությանը և Օշականի պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.