15/07/2024 15:00
Մինչև վերջ լինել հետևողական՝ շտկվեն բոլոր թերությունները. Գեղարքունիքի մարզպետը հանձնարարականներ է տվել
Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման արդյունքների մասին։
Խորհրդակցության ընթացքում քննարկումներ են ծավալվել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, Սևան համայնքի Չկալովկա գյուղում կատարված ապօրինի շինության ապամոնտաժման, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում կոյուղագծի կառուցման նախագծի ձեռքբերման, 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկի, Ծովասարի և Վարդենիկի մանկապարտեզների գույքի ձեռքբերման հարցերի շուրջ։
Խոսվել է նաև «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի», միջպետական, հանրապետական նշանակության և մարզային ճանապարհների սպասարկման, գծանշման, 2024 թվականի հուլիսի 31-ին մարզխորհրդի նիստ հրավիրելու հետ կապված հարցերի մասին։
Կարեն Սարգսյանը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով իրականացված շինարարության երաշխիքային ժամկետներում ի հայտ եկած թերությունները շտկելու գործընթացներին։
«Հարկավոր է մինչև վերջ լինել հետևողական ու հասնել նրան, որ առանց բացառության շտկվեն այն բոլոր թերությունները, որոնք ի հայտ են եկել շինարարական աշխատանքների ընթացքում կամ դրանց ավարտից հետո», - հանձնարարել է մարզպետը։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խորհրդակցության ավարտին ստաել են այլ հանձնարարականներ։